Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Խմորումներ ռադիոլոգիայում. ultraimaging.am

Խմորումներ ռադիոլոգիայում. ultraimaging.am

Հասունացել է կոնֆլիկտ ոլորտի նախկին գլխավոր մասնագետ, ՀՀ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր Արամ Քոչարյանի և Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի վարչության միջև:

 

 

 

 

Բաց նամակ Ռադիոլոգների                                                                                                
Հայկական Ասոցիացիայի վարչությանը

 

                  «Մենք խաղաղ էինք, մեր լեռների պես»

Բացեցի մեր ասոցիացիայի կայք-էջը. զարմանքիս ու հիասթափությանս սահման չկար, երբ կարդացի վարչության արձագանք-հռչակագիրը՝ սպասվող սեմինարի վերաբերյալ (տես՝ հավելվածը հոդվածի վերջում): Անմիջապես մի քանի միտք առաջացավ, որոնցով կիսվում եմ.
Կարիք չկա խոսել հռչակագրերով, մանավանդ ոչ մի թաքուն բան չի արվել, ընդհակառակը կոնգրեսի ժամանակ հայտարարվել է ի լուր բոլորի  Պրոկոպի այցի մասին: Հայտարարությունից հետո դուք ունեիք ավելի քան մեկ ու կես ժամ, որպեսզի տեղում ստանայիք ձեզ հուզող հարցերի պատասխանները, կամ էլ ուղղակի զանգահարեիք:


ՀՀ նոր օրինսդրությամբ,  որը վերաբերում է շարունակական մասնագիտական կրթությանը, ցանկացած-հիմնարկ ձեռնարկություն, այդ թվում «Ուլտրաիմիջինգ»-ը իրավունք ունի կազմակերպելու սեմինարներ, որը և նա բազմիցս արել է՝ շնորհելով ավելի քան 30 ՇՄԶ կրեդիտ:


Պետք չէ ինձ նույնականացնել «Ուլտրաիմիջինգ»-ի հետ, որտեղ ինձ նման աշխատում են տարբեր մասնագիտության բժիշկներ: Ինչպես նաև պետք չէ ինքներդ ձեզ նույնականացնեք ասոցացիայի հետ: Խնդրում եմ՝ իջեք երկնքից:


Հասարակական կազմակերպության վարչությունը չի կարող թույլատրելի կամ անթույլատրելի համարել իրավաբանական անձի կողմից օրենքը չխախտող և հասարակության շահերից բխող քայլեր կատարել, եթե անգամ այդ քայլերը չեն բխում ձեր նեղ խմբակային շահերից:


Ի՞նչ մի վատ բան ենք արել, որ մասնակից ենք ուզում դարձնել մեր գործընկերներին ռադիոլոգիական աշխարհի ամենաառաջատար մարդկանց դասախոսություններին: Մեր վերջին կազմակերպած սեմինարը, որը նվիրված էր «ՄԱԳԱՏԵ»-ի կարգավորումներին դիագնոստիկ ռադիոլոգիայի ոլորտում, դուք բոյկոտել էիք, չնայած ներկա էին 310 ունկնդիր: Եթե ձեր սրտով չէր սեպտեմբերի 1-ին կազմակերպվելիք միջոցառումը, էլի բոյկոտեիք: Մեր հայտարարության վրա բարձր վտանգի և արգելքի նշան դնելու իմաստը ո՞րն է:


Ու՞մ համար է այս միջոցառումը վտանգավոր, ռադիոլոգնե՞րի, թե միայն վարչության ոչ ադեկվատ գերամբիցիաների համար: Միգուցե մեր կողմից կազմակերպած սեմինարները խանգարում են հենց ձեր ինքնադրսևորմա՞նը: Դադարեցրե՝ք վիրավորական հռչակագրերով ինձ հետ շփվելու պրակտիկան:


Հորդորելով ասոցիացիայի անդամներին չմասնակցել սեմինարին, դուք օգու՞տ եք բերում ռադիոլոգիայի զարգացմանը, թե՞ վնաս, նույնն է թե ռեժիսորներին կամ վոկալիստներին իրենց միության վարչությունները հորդորեն բոյկոտել Ֆեդերիկո Ֆելլինիի կամ Մոնսերատ Կաբալյեի մաստեր-կլաս դասերը՝ համարելով նրանք խիստ վտանգավոր:


Ցուցաբերված անտեղի հետաքրքրությունը հովանավորների հանդեպ անհասկանալի է։ Մենք ոչ մի վատ բան չենք անում: Եթե ռադիոլոգները հետևեին ձեր փոքրասիրտ ցանկությանը և սեմինարը չկայանար, կազմակերպիչներս իհարկե կխայտառակվեինք հրավիրված դասախոսների, ինչպես նաև ռադիոլոգիական հանրության առջև: Եվ ո՞վ կշահեր դրանից: Հավատացնում եմ՝ դուք էլ չէիք շահի: Միթե՞ ձեր մեջ չկա որևիցե հասուն փորձառու անձ, որը կհուշեր, որ «թող աչքս դուրս գա, մենակ իմանամ որ հարևանի երկու աչքն է դուրս եկել» լոզունգը կոնստրուկտիվ չէ: Քիչ է մնում բացականչեմ. «Եվ դու՞ Բրուտոս»:


Վարչության անդամներդ ցանկություն եք հայտնել, որ մեր կազմակերպած սեմինարներին ներգրավենք նաև ձեզ և ստացել եք պատասխան, եթե կարիքը լինի, դա կանենք: Ձեր օգնության կարիքը չկար, բայց չկար նաև նմանատիպ նախանձի և ատելության դրսևորման անհրաժեշտություն: Ռադիոլոգների շահերից  ոչ մի կերպ չբխող այս անզուսպ պոռթկումը կարելի էր այս անգամ ևս զսպել: Ի՞նչ է ուզում եք որ, ձեր ներգրավվածությունից հետո հերթական անգամ հարցնեմ . «Է՞դ որտեղից»: Դուք էլ պատասխանեիք. «Վարում էինք վարատեղից»: Միթե՞ հայ պոետները ձեզ ոչինչ չեն սովորեցնում: Միթե՞ կոնգրեսի ժամանակ ձեր կողմից մեջբերված կտավի սյուժեն, որի անունն է, եթե չեմ սխալվում «Ամբոխն ու անհատը», ձեր մեջ ոչինչ չի արթնացնում: Մի փորձեք խոչընդոտել մեր լավ նախաձեռնություններին, այլ ընդհակառակը եկեք մասնակցեք, եթե հարցը ֆինանսական չէ: Հավատացնում եմ ձեզ, որ դուք ունեք նման դասախոսությունների կարիքը:


Հանեք ասոցիացիայի կայք-էջից այդ խայտառակ հռչակագիրը (տես՝ հավելվածը): Մեզ մնացել է երկու օր ժամանակ ՇՄԶ կրեդիտների համար նախարարությանը դիմելուն: Հայտի մեջ կա կետ, որը վերաբերում է conflict of interest-ին: Մի՛ ստիպեք մեզ հայտում նշել դրա առկայության մասին՝ կցելով վարչության անփառունակ արձագանքի ապացույցը: Եթե անգամ այս մոտ  երկու տարվա ժամանակահատվածում ինչ-որ դրական բան արել եք, այս հիվանդագին անաֆիլակտոիդ ռեակցիայով հավասարեցրել եք 0-ի։


Եկեք շրջենք այս անիմաստ իրավիճակի էջը: Ինչպես այսօր ընդունված է, «մենք անում ենք մեր քա՛յլը» և հայտարարում ենք մորատորիում մոտակա երկու տարվա ընթացքում ռադիոլոգների համար որևիցե սեմինար կազմակերպելը, եթե դա Ձեզ համար այդքան ցավագին է: Արեք ձեր քա՛յլը, եթե ուզում եք լավ բան արած լինել ռադիոլոգիայի զարգացման համար, վերցրեք համալսարանի երեք վիդեո պրոեկտորով լսարան (իսկ դուք ունեք դրա հնարավորությունը), հոգացեք 2 կոֆե-բրեյքի և 1 լանչի ծախսերը, որպեսզի հնարավորություն ընձեռնվի ռադիոլոգների աճող սերնդի անվճար մասնակցության համար: Վերջիններս վճարում են միլիոններ և ավարտելուց հետո, երբ դիմում են աշխատանքի, ապա ցուցադրում են զարմանալի ցածր գիտելիքներ: Աջակցեք նրանց հաղորդակից լինելու նման բացառիկ դասախոսությունների, որպեսզի նրանք էլ միայն նկարով չտեսնեն Ռայմոնդ Դամադյանին, մինչդեռ ավագ սերնդի ներկայացուցիչներս պատիվ ենք ունեցել 80-ականներին ունկնդրել Հայաստանում նրա դասախոսությունը, որը մեր մասնագիտական կողմնորոշման մեջ ունեցավ վճռորոշ դեր: «Դուխով» մուծեք մասնակցության անդամավճարը և դուք էլ մասնակցեք: Մի՛ նեղսրտեք ինձ տեսնելիս և նեղսրտված, ինչպես անցյալ անգամ, մի՛ մոռացեք ինձ հրավիրել ասոցիացիայի կայանալիք ընտրություններին: «Դուխով» հրավիրեք ինձ: Այսպիսի սիրո և համերաշխության մթնոլորտում ավարտում եմ ձեզ ուղղված մտքերս:


Մենք դեռ ունենք 9 թափուր տեղ: Մենք երկարացնում ենք գրանցումը ևս 2 օրով, որպեսզի հասցնենք ժամկետների մեջ դիմել նախարարություն և այս ընթացքում սպասում ենք նոր գրանցումների և ձեր ողջամիտ և խաղաղասեր հրապարակային առաջարկներին:


Հիմա այն 31 հոգու համար, ովքեր գրանցվել են՝ մեր խոստացած անակնկալի մասին՝ Մատիաս Պրոկոպի հետ ավարտվեցին բանակցությունները: Նա արեց մեծ բացառություն և կկարդա ոչ թե 1 այլ 2 դասախոսություն, յուրաքանչյուրը 35րոպե տևողությամբ և կընդգրկի թոքերի հիվանդությունների ռենտգեն-ԿՏ սիմպտոմների գրեթե ողջ սպեկտորը ըստ Ֆլեշների վերջին դասակարգման և երկու 45 րոպե գործնական պարապմունքների ընթացքում ինտերակտիվ կապի միջոցով կբացահայտի այդ ամբողջի դիֆդիագնոստիկան՝ սիմպտոմ առ սիմպտոմ:


Ասոցիացիայի հարգելի գրանցված շարքային անդամնե՛ր, շնորհակալություն Ձեր խիզախության և գիտելիքի ձգտելու համար, 2 օրից մեր համապատասխան ծառայությունը կապ կհաստատի Ձեզ հետ և կտեղեկացնի հետագա քայլերի վերաբերյալ:
Հարգելի գործընկերնե՛ր, կներեք Ձեզ ծանրաբեռնելու համար. մեկ օր այս խոսակցությունը պետք է կայանար:


Մեր մասնագիտության և Ձեր հանդեպ սիրով՝
Արամ Քոչարյան




 
Armenian Association of Radiologists


Հաշվի առնելով բազմաթիվ զանգերը և հարցադրումները, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ներքոնշյալ նամակներում զետեղված ինֆորմացիայի, մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք միջոցառման հետ Ռադիոլոգների հայկական ասոցիացիան որևէ առնչություն չունի:


Հավելենք նաև, որ խորին հարգանք ենք տածում հրավիրված պրոֆեսորների հանդեպ, սակայն ռադիոլոգիայի ոլորտում նմանատիպ ինքնադրսևորումները համարում ենք անընդունելի:


Հարգանքով՝ ՌՀԱ վարչություն

 

Սկզբնաղբյուր. www..ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ